Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ արտահերթ նիստում պատգամավորները պահանջելու են Կառավարության իրավասու պաշտոնյաներին ներկայացնել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով՝ քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում այն պետք է վավերացվի խորհրդարանում։
Հայաստանի սահմանների դեմարկացյիայի վերաբերյալ երեկ մամուլում շրջանառվեց փաստաթուղթ, ըստ որի՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնել են ստեղծել սահմանների դեմարկացիայի հարցերով հանձնաժողով: Այսօր Կառավարության նիստում այդ մասին խոսեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Պնդեց՝ հրապարակված փաստաթուղթը, որի հիմնական մասը փակ է, 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից: Մարուքյանը կարծում է, որ հերթական անգամ առանց ժողովրդի հետ քննարկումների իշխանությունը գործընթաց է իրականացնում:
Ռուսական կողմը առաջարկել է ստեղծել եռակողմ հանձնաժողով` սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերի քննարկման համար: Պատասխանելով փաստաթղթի բովանդակության վերաբերյալ «Լուրերի» հարցին՝ ասաց «Իմ քայլից» Լիլիթ Մակունցը:
Լիլիթ Մակունց (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Իմ ունեցած տեղեկությամբ` հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկում կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե փաստաթղթով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մի քանի և Արարատի մարզի 1 գյուղ, Մակունցը պնդեց՝ իր տեղեկություններով՝ այդ հարցերը փաստաթղթում չկան։
«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փաստաթղթի բովանդակությունից տեղյակ չէ, սակայն վստահեցնում է՝ Հայաստանի տարածքներին վերաբերող որևէ հարց չի կարող առաջանալ:
Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը համոզված է, որ շուտով բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալ Փաշինյանի հիշատակած փաստաթղթին: