Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 51 միլիոն 400 հազար դրամ: Այն կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ տասը համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
«Մեկ մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծի համար անհրաժեշտ է 5 միլիոն 140 հազար դրամ, որից նախագծի տեղակապման համար՝ 4 միլիոն 740 հազար, և նախագծի պարզ փորձաքննության համար՝ 400 հազար դրամ: Նախատեսվում է 5 մսուր-մանկապարտեզ կառուցել Արմավիրի մարզում՝ Գետաշեն համայնքում, Նորավանում, Փշատավանում, Լենուղի համայնքում, Այգեվանում: Երեք մսուր-մանկապարտեզ կկառուցվի Լոռու մարզում՝ Գոգարան համայքնում, Լեռնավանում, Լուսաղբյուր համայնքում: Մեկ մսուր-մանկապարտեզ Կոտայքի մարզում՝ Պտղնի համայքնում, և մեկ մանկապարտեզ Շիրակի մարզում՝ Արևշատ համայնքի Արծվաբերդ բնակավայրում»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ներկայացվող նախագիծը մոդուլային տիպի մարզային մսուր-մանկապարտեզների կառուցման ծրագրի մաս է:
Հիշեցրնենք, որ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի 741 Ն որոշմամբ արդեն 1.4 միլիարդ դրամ է հատկացվել վերը նշված՝ մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար: