Հիմա շատ է խոսվում դեմարկացիայի, դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին: Հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել ու ահաբեկել՝ Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է ՀՀ-ին: Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և ի վերջո ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք են: Բայց պետք է հասկանալ, որ այն պարզ գործընթաց չէ: Մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը»,- մանրամասնեց Փաշինյանը:
Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար: Դեմարկացիան արդեն ֆիքսում է, թե քարտեզում նշված կետը տեղանքի որ կետին է համապատասխանում:
«Շատ կարևոր եմ համարում կրկին արձանագրել՝ կոմունիկացիների բացումը տարածաշրջանի մեր առաջնահերթություններից մեկն է: Որովհետև կոմունիկացինաների բացումը ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան անհրաժեշտ է Հայաստանին: Մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը:
Ինչպես բազմիցս նշել եմ, ասում եմ բոլոր ժամանակաների համար. մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների բացման կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: