ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը, 2018թ. կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկի վաճառքի բաժնի մասնագետ, տիրապետելով թուրքերեն լեզվին՝ նշված ընկերության կողմից արտադրված ապրանքների վաճառքի շուրջ բանակցություններ է վարել բուքմեյքերական ոլորտում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների հետ, որի ընթացքում հարաբերություններ ստեղծելով նշված ընկերություններից մեկի՝ ազգությամբ թուրք աշխատակցի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությունը պատճենահանելու նպատակով վնասաբեր ծրագիր ներբեռնելու շուրջ:
Հասկանալով, որ նշված ծրագիրն անհրաժեշտ է ներբեռնել ընկերության կոնկրետ աշխատակցուհու կողմից օգտագործվող աշխատանքային համակարգչում, սակայն չունենալով վերջինիս համակարգչին հասանելիություն ստանալու հնարավորություն, 30-ամյա տղամարդը, դիմելով ընկերոջը՝ նույն ընկերության մեկ այլ աշխատակցի, որն աշխատանքային նամակագրություններ է վարել նշված աշխատակցուհու հետ, տեղեկացել է, որ վերջինս առանց կասկածի գործարկում է նոր աշխատակիցների տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլեր և այդ մասին տեղեկացրել է ազգությամբ թուրք աշխատակցին:
Այնուհետև վերջինիս կողմից օգտագործվող «Skype Google» անվամբ հաշվից նույն համակարգի իր անվամբ անհատական հաշվին ստացել է վնասաբեր ծրագիր պարունակող «nor.ashxatoxner.xls.xls.xls» անվամբ էլեկտրոնային ֆայլը, որից հետո այն փոխանցել է ընկերոջը և խնդրել ուղարկել վերոնշյալ աշխատակցուհու կողմից շահագործվող համակարգի անհատական հաշվին՝ չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:
Վերջինս, 2018թ. դեկտեմբերի 5-ին ստանալով նշված ֆայլը և կարծելով, որ այնտեղ առկա են ընկերության աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ, գործարկել է այն, որից հետո Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը ներբեռնվել է ընկերության համակարգում՝ այդ կերպ հնարավորություն տալով տղամարդուն և ազգությամբ թուրք աշխատակցին՝ ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: