ՊԱՐԶԵՑՎԵԼ Է ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ
Մինչև 2018 թվականի հունվար հաշվարկված 125 միլիարդ դրամ գերավճարներից մնացել է ընդամենը 4.5 միլիարդը: Շուրջ 121 միլիարդը պետությունն արդեն վերադարձրել է տնտեսվարողներին: Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել պետական եկամուտների կոմիտեի նախագծին, ըստ որի՝ մնացած 35 հազար 935 հարկ վճարողի գումարն առաջիկայում ավտոմատ կուղղվի ընկերության հաշիվներին:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց՝ գերավճարներ ունեն այն հարկատուները, որոնց ժամանակին պարտադրել են գումարներ մուտքագրել բյուջե: Կոմիտեն առաջիկայում կհրապարակի ցանկը, թե ո՞ր տնտեսվարողը որքա՞ն գերավճար է ունեցել:
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Մենք պատրաստվում ենք այդ ցանկը անհատական տվյալներով հրապարակել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որպեսզի մարդիկ իրազեկվեն, կարողանան ստուգել՝ գերավճար ունե՞ն, թե՞ չէ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
Գործադիրը հավանություն տվեց նաև հարկային օրենսգրքի փոփոխությանը՝ անշարժ գույքն օտարելիս հարկման բազայի համար հիմք կընդունվի արժեքի 80 տոկոսը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ անշարժ գույքի հարկման բազաների վերանայման արդյունքում լուծվում է կառուցապատող տնտեսավարողների խնդիրները՝ կապված ԱԱՀ-ի և շահութահարկի հետ:
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար) - Քանի որ կիրառվում է անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային մոտարկված արժեքը, այն իր մեջ արդեն պարունակում է ԱԱՀ, հետևաբար ԱԱՀ և շահութահարկի բազայի ձևավորման տեսակետից կստացվի, որ երկու անգամ է հաշվարկվում:
ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կառավարության որոշմամբ 51 միլիոն 400 հազար դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը: Այդ գումարով քաղաքաշինության կոմիտեն տասը համայնքում մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կմշակի:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - Մեկ մսուր մանկապարտեզի նախագծի համար անհրաժեշտ է 5 մլն 140 հազար դրամ, որից նախագծի տեղակապման համար՝ 4 մլն 740 հազար դրամ, փորձաքննության համար՝ 400 հազար դրամ:
Մանկապարտեզների կառուցման համար Կառավարությունն արդեն 1.4 միլիարդ դրամ հատկացրել էր:
Առաջիկայում մոդուլային հինգ նոր մանկապարտեզ կունենա Արմավիրի մարզը, 3 մսուր-մանկապարտեզ կունենա Լոռին, մեկական՝ Շիրակն ու Կոտայքը: