Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով ըստ էության պարզեցվեց տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը:
«2021-ը հաշվետու ժամանակաշրջանն է, որի ժամանակ վերացել են անցումային գերավճարի ավելացման կամ պակասեցման ռիսկերը, քանի որ, համաձայն հարկային օրենսդրության կարգավորումների, հաշվարկ-հաշվետվություններ չեն կարող ներկայացվել այն հաշվետու ժամանակաշրջանների վերաբերյալ, որոնց վերջին օրվանից անցել է 3 տարին»,- հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Կառավարության որոշման նախագիծը:
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հարկ վճարողների ունեցած գերավճարը և գերավճարից տարբերվող գումարները պարզեցված ընթացակարգով վերադարձնելուն:
«Այս գումարները ընդունված է անվանել անցումային գերավճար, որոնք մինչև 2018 թվականը հաշվառվել են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում, և այս անցումային գերավճարները կա՛մ հարկ վճարողների դիմումների հիման վրա վերադարձվել են իրենց, կա՛մ մարվել են՝ նույն հարկ վճարողների կողմից առաջացած հարկային պարտավորությունների հաշվին՝ բացառությամբ սոցիալական վճարի, քանի որ ըստ կարգավորումների՝ սոցիալական վճարը մարվել է բացառապես միասնական հաշվին առկա գումարներից»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ փոփոխության կարգավորման առարկան այդ գումարները առանց հարկ վճարողի դիմումի նրան վերադարձնելն է, ինչը հնարավորություն կտա նախ ստանալ հարկ վճարողի կողմից այդ գումարները և առկայության դեպքում մարել նաև սոցիալական վճարի գծով առկա պարտավորությունները:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կազմել է 125 միլիարդ դրամ, որից այս ժամանակի ընթացքում կա՛մ վերադարձվել, կա՛մ մարվել է հարկային պարտավորությունների հաշվին, և այս պահին մնացորդը գործող հարկ վճարողների մասով կազմում է 4 միլիարդ 549,3 միլիոն դրամ: Հովհաննիսյանի խոսքով՝ այն վերաբերում է 35.935 հարկ վճարողների, որոնց մասով այս փոփոխությունից հետո արդեն այդ գումարները ավտոմատ կուղղվեն նշված հարկ վճարողների միասնական հաշվին: Դիմումների հիման վրա արդեն գումարները կվերադարձվեն կամ կմնան իրենց միասնական հաշվին, և նշված քանակով հարկ վճարողները ազատ կլինեն յուրաքանչյուր ժամանակ տնօրինել իրենց ունեցած գումարները: