ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։
ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «սև» ընդդիմախոսների համակարգին, գիտական աստիճանաշնորհման կարգի հնարավոր փոփոխություններին, մասնագիտական խորհուրդների գործունեությանը: Վահրամ Դումանյանը նախ կարևորել է այդօրինակ հանդիպումները՝ փաստելով, որ դրանք առկա խնդիրների մասին համակողմանի պատկերացում կազմելու և դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ծավալելու և լուծումներ նախանշելու հնարավորություն են ընձեռում:
«Մասնագիտական խորհրդի անդամների և «սև» ընդդիմախոսի մասնագիտական արժանապատվությունը և որակները չպետք է կասկածի տեղիք տան, հակառակը նշանակում է փոփոխությունների անհրաժեշտություն: Գիտական աշխատանքների պաշտպանության գործընթացի հուսալիությունը չափազանց կարևոր է: Պետք է բացառել կաշկանդվածությունը, և «ով «սև» ընդդիմախոս չէ, կաշկանդված է» երևույթը: Այո՛, այս ոլորտում անհրաժեշտ է լինել բծախնդիր, սակայն այդ բծախնդրությունն էլ պետք է լինի իմաստավորված և տրամաբանության սահմաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և ընդգծել, որ հնարավոր բարեփոխումները պետք է համապատասխանեն հայաստանյան ներկայիս գիտական ներուժին:
ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և բարեփոխումների տեսլականը: Նրա խոսքով՝ փոփոխությունների համար նախ պետք է հստակ գնահատել ոլորտի ներկայիս վիճակը. «Կարևորում ենք Գիտության կոմիտեի հետ համատեղ աշխատանքը՝ ներկայիս ներուժը և արտասահմանում բնակվող մեր հայրենակից գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներգրավելու հնարավորությունները հասկանալու տեսանկյունից, քանի որ չափանիշներ ու պահանջներ սահմանելուց առաջ պետք է հստակ հասկանանք՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են մեր ունեցած հնարավորություններին»:
Խոսելով գիտական աշխատանքների պաշտպանության հուսալիության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առաջարկել է դիտարկել ոլորտային նեղ մասնագետների ներգրավվածությամբ մեկանգամյա մասնագիտական խորհուրդներ կազմելու հնարավորությունը, ինչը, փոխնախարարի խոսքով, կբարձրացնի գործընթացի արդյունավետությունն ու անաչառությունը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարեփոխումների բոլոր ձևաչափերն անհրաժեշտ է շարունակաբար քննարկել և միայն դրանց արդյունավետության նկատմամբ լիակատար վստահության դեպքում կատարել կանոնադրության վերանայումներ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև գիտական աստիճանավորման համար սահմանված պահանջների արդիականացմանը, կոմիտեի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականությանը, գիտական աշխատանքների թեմատիկ վիճակագրությանը վերաբերող և ոլորտային այլ հարցեր:
«Թեմաները զգայուն են, չկան պարզ լուծումներ, բայց կա մշտապես զգոն և բարեփոխումների հարցում ճկուն լինելու անհրաժեշտություն»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և շնորհակալություն հայտնել անկեղծ ու շահագրգիռ քննարկման համար: