«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է համացանցում լայնորեն քննարկվող փաստաթղթին, որի մասին Կառավարության այսօրվա նիստում հիշատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Լուրերի» հարցին ի պատասխան՝ ծանո՞թ է արդյոք իշխող խմբակցությունը փաստաթղթի բովանդակությանը, և ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Մակունցը ասաց՝ «վարչապետն այլ շեշտադրումներով է խոսել 100-տոկոսանոց ՀՀ շահերից բխող որևէ փաստաթղթից»:
«Այսինքն՝ այստեղ կարևոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը, իհարկե, պարտադիր է: Իմ տեղեկությունով՝ ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր:
Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն, կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշեց Մակունցը:
Համացանցում որոշ շրջանակների կողմից տարածվող տեղեկությունը, թե փաստաթղթում գյուղեր հանձնելու հարց կա, Մակունցը հերքում է: Նրա խոսքով՝ պետք չէ հղում անել կասկածելի անձանց:
«Դժվար չէ գուշակել՝ եթե նման բան լիներ, ապա որևէ բան չէր խանգարում տվյալ անձանց ոչ թե փակել փաստաթղթի այդ հատվածը, եթե դա փաստաթուղթ է, իհարկե, այլ դրանք հրապարակել»,- նշեց Մակունցը: