Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է` փոխանցում է Ermenihaber-ը: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։
Աքշեները, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի իսրայելական տարբերակ»: Իսկ Էրդողանը, ի պատասխան ընդդիմադիր կուսակցապետի այդ հայտարարության, նրան «թշվառ» և «բարոյազրկվող քաղաքական գործիչ» է անվանել: Էրդողանը նաև նշել է, որ Աքշեները չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Պաղեստինը:
Աքշեներն էլ, իր հերթին պատասխանելով Էրդողանի խոսքերին, ասել է. «Թշվառությունն այն է, որ 8 տարի է՝ չեն կարողանում գնալ Գազա: Թշվառությունն այն է, որ հպարտորեն պարանոցին կրում են սիոնիստական մեդալը: Իրական թշվառությունն այն է, որ չեն կարողանում անել այն, ինչ հարկավոր է, և դատարկաբանում են: Թշվառությունը նաև այն է, որ Իսրայելի դեմ հոխորտում են, իսկ Չինաստանի առաջ՝ խեղճանում»: