Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալով՝ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ 24 հազար 700 մայրիկի վճարվել է խնամքի նպաստ: Նախորդ տարվա հուլիսի 1-ից հետո մինչև 2 տարեկան երեխայի նպաստի կարգում փոփոխություններ են տեղի ունեցել:
Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - Մինչև 2020 թվականը այս նպաստը վճարվում էր բացառապես աշխատող մայրերին յուրաքանչյուր ամիս 26 500 դրամ, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը կամ մամայի աշխատանքի դուրս գալը: 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների պարագայում, եթե ծնողը երեխայի ծննդյան օրվա կամ նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ ամիս հաշվառված կլինի գյուղական բնակավայրի հասցեով, ապա անկախ աշխատելու հանգամանքից այդ ծնողին ևս կվճարվի 26 500 դրամ:
Եթե մայրը բնակվում է գյուղում և աշխատում է, գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա մինչև երեխայի երկու տարեկանը կստանա ամսական 26 500 դրամ, որպես աշխատող մայր՝ + 26 500 դրամ էլ՝ որպես գյուղաբնակ մայր: Այս գումարը տրամադրվում է երեխայի 70 օրականը լրանալու հաջորդող ամսվա մեկից, քանի որ մայրության միանվագ նպաստն էլ տրվում է մինչև 70 օրական լրանալը, որը պետությունը տրամադրում է և՛ աշխատող, և՛ չաշխատող մայրերին:
Անահիտ Գալստյան - Չափը կախված է աշխատող մայրիկի աշխատավարձից, վերջին մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատավարձ է ստացել, չաշխատող մայրերի պայմաններում մայրության նպաստի չափը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից ելնելով, հավասար է 156 հազարի:
Ընտանիքին տրամադրվող պետական նպաստների համակարգում փոփոխություններ են եղել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգում:
Անահիտ Գալստյան - 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից դարձավ 300 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 150 հազար դրամից դարձավ 300 հազար դրամ, մի դեպքում ավելացավ 6 անգամ, մի դեպքում՝ 2 անգամ:
3-րդ և 4-րդ երեխայի դեպքում 1 միլիոն դրամ է տրամադրվում, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում 1.5 միլիոն:
Անահիտ Գալստյան - Մեկից ավել երեխա միաժամանակ ծնվելու դեպքում տրվում է առավելագույն չափով: Այսինքն՝ եթե ծնվի ընտանիքում 3-րդ, 4-րդ երեխպան, ոչ թե մեկին 1 միլիոն կտան, մեկին՝ 1.5, այլ 2-ին էլ կտան 1.5 միլիոն:
Նախարարությունից հայտնում են՝ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքներին տրվող աջակցության միջոցառումներն իրենց արդյունքները կտան երկարաժամկետ հատվածում: