Աստղիկը դեռ չծնված՝ մարտական գործողությունների է մասնակել: Փոքրիկի՝ հատուկ նշանակության մայրիկը ծառայության ժամանակ ստիպված է եղել թաքցնել հղիությունը, որպեսզի հրամկազմն իրեն հետ չպահի ռազմական առաջադրանքներից:
Աշխեն Սիմոնյան - Երբ հղի էի, ամեն ինչի միջով անցել եմ. վազել եմ, կրակել, փոքրիկը սովոր է ակտիվ վիճակին, հանգիստ չէ:
Երբ սկսվեց պատերազմը, Աստղիկն արդեն ծնվել էր. հինգ ու կես ամսական էր: Աշխենը, որ դեռ չէր հասցրել վայելել մայրության բերկրանքը, շտապեց հավաքակայան: Հարազատներին ոչինչ չի ասել, միայն գրկել է երեխային, համբուրել ու դուրս եկել: Աշտարակից արդեն շատ էր հեռացել, երբ ընտանիքն իմացավ՝ կռիվ է գնում:
Ամալյա Տեր-Գևորգյան, Աշխեն Սիմոնյանի մայրը - Ասացի՝ Աշխեն ջան, հետ արի, Աստղիկին միայն դու ես պետք: Ասսց՝ մամ, ես այստեղ եմ պետք, իմ գործն եմ անում, հայրենիքն եմ պաշտպանում:
Աշխենի պատասխանն անակնկալ չէր մոր համար: Զինվորականի գործն ընտրելով՝ աղջիկն ընտանիքին նախապատրաստել էր հնարավոր վտանգներին: Իսկ վտանգը կար: Մտածեց՝ հայրենիքն իր կարիքն ունի, իսկ երեխային ծնողները կմեծացնեն:
Աշխեն Սիմոնյան - Ընտրեցի հայրենիքը, որովհետև ինձ համար կարևոր է, որ Աստղիկը մեծանա ու խոսի հայերեն: Ես մի գաղափար ունեմ. եթե այդ պահին պետք է պահես քո երկիրը՝ պետք է պահես ու կապ չունի՝ կին ես, տղամարդ ես, մեծ ես, թե փոքր, մեր հարևանների պայմաններում պետք է ռազմարվեստին տիրապետենք:
Որպեսզի մայրական կարոտը գլուխ չբարձրացնի, բթացրել է բոլոր զգայարաններն ու մարտի բռնվել զինվորին հատուկ սառնասրտությամբ: Միայն մեկ անգամ է թուլացել, երբ հայտնվել է շրջափակման մեջ:
Աշխեն Սիմոնյան - Օդուժն աշխատում էր մեզ վրա, մոտ տարածությունից մարտ էր գնում, մտածում էի, եթե նույնիսկ սա վերջն է, գոնե մեկ անգամ Աստղիկի հոտը շնչեմ:
Ամալյա Տեր-Գևորգյան - Չեմ պատկերացրել, որ կտեսնեմ Աշխենին, Աստծուն խնդրում էի, որ հետ գա:
Աշխեն Սիմոնյան - Երբ եկա, պառկած էր, գլխարկս հանեցի, կռացա, մեկ էլ հոգոց հանեց: Կռացա, որ համբուրեմ, թաթիկներով բռնեց: Ամենադժվար պահն էր, մտածում էի՝ չի ճանաչի:
Մինչև զինվորական ուղին ընտրելը, Աշխենը նվաճումներ ուներ նաև մարզարշխարհում: 8 տարեկանում դարձել է քինգբոքսինգի Հայաստանի չեմպիոն: Իսկ ավելի ուշ, հետևելով բռնցքամարտիկ հոր օրինակին, ընտրել է այդ մարզաձևը: Մասնակցել է մի շարք առաջնությունների, բոլոր երկրներից վերադարձել մեդալներով: Օլիմպիական ռինգին հասնելու ձգտումը, սակայն, անկատար է մնացել: Ասում է՝ դա էլ կիրականացնեմ սաներիս միջոցով, երբ մարզչական գործի անցնեմ: Մեկ տարեկան աստղիկը նույնպես արդեն կամային որակներ է ցույց տալիս: