Փաշինյանը պատրաստ է ստորագրել բանակցվող աշխատանքային փաստաթուղթը, եթե Ադրբեջանն իրագործի միջազգային գործընկերների հետ այս պահին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վարչապետի պաշտոնակատարն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի սկզբում՝ խոսելով համացանցում երեկվանից շրջանառվող ու ոչ պաշտոնական խողովակներով տարածված փաստաթղթից։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում, որի մի մասը սևացրած է, ներկայացվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Ըստ դրա՝ նախատեսվում է ստեղծել հանձնաժողով՝ հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 90 տոկոսով սևացրած փաստաթուղթը հրապարակելով՝ փորձ է արվում ապացուցել, թե գործող կառավարությունը դավադրություն է կազմակերպում ընդդեմ Հայաստանի։ Վարչապետի պաշտոնակատարը տարակուսեց՝ եթե փաստաթուղթն իրոք հակահայկական բնույթի է, ինչո՞ւ են հրապարակողները հանրությունից թաքցնում դրա ամբողջական բովանդականությունը։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆ
Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստանի քաղաքական վերնախավում Ադրբեջանը տեղեկատվական պայքարի գործակալներ ունի և հենց այս մարդիկ են աջակցում պաշտոնական Բաքվին՝ խուսափելու դիվանագիտական արձանագրումներն իրագործելուց։ Ու թեև խնդիրը դեռ լուծված չէ, Նիկոլ Փաշինյանը արդյունավետ է համարում դիվանագիտական հարթակում տարվող աշխատանքը, նկատում՝ դրա վկայությունն այն է, որ արտգործնախարարության աթոռը նիստին թափուր է։
Սահմանի մասին. օպերատիվ իրադարությունը փոփոխություն չի կրել, այն շարունակում է լարված մնալ։ 500-600 ադրբեջանցի զինվորական դեռ գտնվում է Հայաստանի տարածքում։ Իսկ թե ինչպես է նրանց հաջողվել հայտնվել մեր երկրում, Փաշինյանը բացատրում է՝ պատերազմից հետո արտաքին սահմանը երկարել է մի քանի 100 կմ-ով, այդ հատվածներն էլ բարդ ռելիեֆով են, տարվա մեծ մասը ձնածածկ են, ու հնարավոր չէ ինժեներական աշխատանքներ իրականացնել։
Խոսակցություններին էլ, թե Հայաստանը նախ պետք է ինքը զինված դիմադրություն ցույց տար, ապա նոր դիմեր ՀԱՊԿ-ին, Փաշինյանն ասում է՝ կազմակերպության էությունը ճգնաժամային իրավիճակներն առանց կրակոցի հաղթահարելն է։ Այլ կերպ ասած՝ էսկալացիա թույլ չտալն ու խնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելը։ Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ Ադրբեջանի հավանական նպատակը ռազմական բախում հրահրելն էր։
Սահմանների ճշգրտման թեմայով փորձ է արվում վախեցնել հասարակությանը՝ նկատում է Փաշինյանն ու արձանագրում՝ այդ գործընթացը որքան պետք է Ադրբեջանին, նույնքան պետք է նաև Հայաստանին։ Պրոցեսը որակելով որպես անվտանգության կարևոր երաշխիք՝ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ դա բարդ գործընթաց է։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Կոմունիկացիների բացումը մնում է Կառավարության առաջնահերթություններից մեկը՝ ընդգծեց Փաշինյանն ու հավելեց՝ դա նույնպես հավասարաչափ անհրաժեշտ է երկու կողմերին էլ։ Մոտ 30 տարի շրջափակման մեջ գտնվող Հայաստանը, սակայն, ներկայումս միջանցքի հարց չի քննարկում, չի քննարկել։ Ու որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատվի, բացառվի պատերազմի վտանգը, պետք է վերջնական կարգավորվի Ղարաբաղի հարցը՝ ասում է Փաշինյանն ու ընդգծում որ այս մասին խոսում են միջազգային կառույցները, նաև Միսկի խումբը։
Երեկ համացանցում տարածվեց սահմանի արևելյան հատվածում 3 օր առաջ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը։ Այն հրապարակվել է ադրբեջանական սոցցանցերում, ապա կարճ՝ մի քանի րոպե տևողությամբ տարբերակով որոշ մարդկանց կողմից տարածվել նաև հայկական տիրույթում, Փաշինյանի կարծիքով՝ հանրությունը պետք է արձագանքի դրան, քանի որ, իր գնահատմամբ, կատարվածը թիկունքում իրականացվող քայքայիչ գործողություն է։