Կառավարության որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ երեք արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում, և մեկը՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին:
Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացվել է, ձեռք են բերվել հողամասեր, իրականացվել է շինարարություն, և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց, ինչպես նաև նախագծային աշխատանքներ։
Ներդրումների իրականացումն սկսվել է 2019 թ. և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: