Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ռեյկյավիկում կայացած հանդիպումը կարող է դառնալ խորհրդանշական՝ այն առումով, որ սրանից ավելի քան երեք տասնամյակ առաջ նույն Ռեյկյավիկում կայացավ ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը։ Տարբերությունն այն է, որ եթե Ռեյգան-Գորբաչով հանդիպումն ազդարարեց «սառը պատերազմի» ավարտը, ապա այս անգամ նույն հարթակը կարող է դառնալ նոր «սառը պատերազմի» սկիզբ։
Այսուհանդերձ, հարկ է հասկանալ, որ նման մռայլ կանխատեսումը կարող է իրականություն չդառնալ, եթե երկու գերտերությունները կարողանան գոնե որոշ հարցերում համաձայնության գալ։ Խոսքը, բնականաբար, չի վերաբերում, օրինակ, Ղրիմի կամ առհասարակ Ուկրաինայի հետ կապված հարցերին։ Այս ճակատում Մոսկվան և Վաշինգտոնը տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն, և գրեթե անհավանական է, որ առաջիկայում կարող է դիրքորոշումների մերձեցում գրանցվել։ Փոխարենը կողմերը, ինչպես կարելի է ենթադրել Իրանի նախագահ Ռոուհանիի՝ այսօր արած հայտարարությունից, միակարծիք են Իրանի դեմ պատժամիջոցների հարցում։ Բլինքեն-Լավրով հանդիպումից ժամեր անց Իրանի նախագահը հայտարարեց, որ Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքում Արևմուտքը որոշել է չեղարկել Թեհրանի նկատմամբ իրականացվող հիմնական պատժամիջոցները։ Հասկանալի է, որ այս որոշումը չէր կարող ուղիղ կապ չունենալ Ռեյկյավիկում տեղի ունեցած բանակցությունների հետ։ Որոշակի ընդհանուր մոտեցում կա նաև Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող զարգացումների համատեսքստում։ Համենայնդեպս, արդեն այսօր առավոտյան լուրեր հայտնվեցին, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում «Համաս» խմբավորման հետ, ինչի արդյունքում արդեն վաղը տարածաշրջանում կարող է հրադադար հաստատվել։
Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, ապա այն նույնպես քննարկվել է։ Սակայն այս դեպքում ինտրիգ կա՝ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ բանակցությունների այդ հատվածը չի հիշատակվում։ Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ Պետդեպի հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ կողմերը քննարկել են Արցախյան հակամարտությունը և դրա տևական քաղաքական կարգավորման հնարավորությունները։ Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանի ԱԳ պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Մոսկվան ընդգծել է հիմնականում այն ուղղությունները, որոնց հետ կապված՝ կողմերն էական տարակարծություններ չունեն։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերին, Սիրիայում մարդասիրական իրավիճակին, ինչպես նաև Աֆղանստանին, որտեղից ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանը կարող է կանգնեցնել նոր ռիսկերի առաջ։ Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, ապա այս դեպքում ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ունեն դիրքորոշումային տարբերություններ, որոնք վերաբերում են այդ թվում նաև կարգավորման փիլիսոփայությանը։ Մոսկվան այդ իմաստով արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ նախ կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանների ճշգրտում, իսկ հետո՝ հեռանկարում, նաև համաձայնություն Արցախի կարգավիճակի շուրջ։ Ընդ որում՝ այս ամենը կամ դրա զգալի մասը՝ միայն Ռուսաստանի միջնորդությամբ։ Վաշինգտոնը, որքան կարելի է հասկանալ, ավելի հակված է նախ փնտրել քաղաքական լուծումը, հասնել դրան և հետո միայն, ելնելով կարգավորման տարբերակից, քայլեր անել սահմանների ճշգրտման և կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ։