ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից փաթեթով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ գործում է իրական շահառուների, սեփականատերերի երկու ինստիտուտ, որոնք միևնույն նպատակն են հետապնդում: Ուստի առաջարկվում է փոփոխություն կատարել և ներդնել մեկ միասնական ինստիտուտ:
Նախատեսվել է նաև իրավաբանական անձին լուծարելու հնարավորություն, եթե վերջինս երեք տարի անընդմեջ չի ներկայացնում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր կամ այլ կերպ կոպիտ խախտում է իրական շահառուների բացահայտման կանոնները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա:
Հեղինակի կողմից ներկայացված առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: