Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, ադրբեջանական կողմը մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում արձանագրում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը։
«Միջադեպերը նպատակ ունեն խաթարելու տարբեր համայնքներում ժողովրդի բնականոն կյանքը և ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ։
Հաշվի առնելով Արցախի ներպետական կառուցակարգերի՝ ադրբեջանական կողմից նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը՝ Պաշտպանը կոչ է անում համապատասխան քայլեր նախաձեռնել միջադեպերի ուսումնասիրման և քննության եռակողմ ձևաչափ ձևավորելու և գրանցվող բոլոր դեպքերով պատշաճ քննություն իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: