Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցողը: Վաղ առավոտյան սկսվել են Փոլ Գավանի հանդիպումները մեր երկրի խորհրդարանում:
Նախ՝ ընդլայնված կազմով հանդիպում ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության հետ: Առանցքում 44-օրյա պատերազմն է, Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիները, հետպատերազմյան Արցախը, կորսված ու վտանգված հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը: Ռուբեն Ռուբինյանը կարևորել է այցն ու հույս հայտնել, որ Պոլ Գավանի կողմից առաջիկայում պատրաստվելիք զեկույցում կարտացոլվի ողջ ճշմարտությունը:
Պատգամավորները ԵԽԽՎ պատվիրակին մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի վարքագիծն իր բոլոր դրսևորումներով, անդրադարձել են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ դրանից բխող Ադրբեջանի պարտավորությունների չկատարմանը:
Բաքուն պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, սա մեր պահանջն է, փաստել են պատգամավորները՝ ընդգծելով, որ այդ երկիրը ոտնահարել է բոլոր հումանիտար կանոններն ու միջազգային պայմանագրերը: Գավանն իր նոթատետրում առանձնացրել է այն ուղղությունները, որոնք լինելու են զեկույցի առանցքում:
«Հետպատերազմական բոլոր իրողություններն ու ձեր կողմից ներկայացված փաստերը, միանշանակ, մաս կկազմեն իմ կողմից մշակվող զեկույցում, որը պատրաստ կլինի մինչև աշուն»,- ասել է Գավանը:
ԱԺ պատգամավորները Փոլ Գավանի հետ հանդիպմանը հատուկ ընդգծել են Ադրբեջանի հայատյացության փաստն ու այդ համատեքստում նրանց կողմից ի ցույց դրվող ակնհայտ ցինիզմը:
ԵԽԽՎ պաշտոնյային հստակ փոխանցվել է, որ պաշտոնական Բաքուն ունի ոչնչացնողի ձեռագիր, նրանք անխնա իսլամացնում են հայկական հոգևոր մշակութային արժեքներն ու օկուպացված տարածքներից վերացնում հայկական բոլոր հետքերը: