Ինչո՞ւ է ՀՀ-ն, առանց զինված դիմադրության դիմելու, դիմել ՀԱՊԿ-ին: Կառավարության այսօրվա նիստին այս հարցին մանրամասնորեն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան, որ ՀԱՊԿ-ը հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով՝ «Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և էսկալացիան քաղաքական, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Եվ հենց սա է ՀԱՊԿ էությունը»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այնպիսի կառույցների շրջանակներում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, եթե սկսվում են կրակոցները, մեծ հավանականությամբ կարող են վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք՝ որոշ սցենարների դեպքում՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի:
«Այս առումով շատ ավելի կարևոր է հասկանալ՝ որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը: Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր: Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունը, մասնավորապես Սյունիքի մարզում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ լայնություն ունի: Եվ եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո կարող էր մեզ շատ մեծ պրոբլեմների առաջ կանգնեցնել: Այնպես որ, մեր մոտեցումը՝ հարցը մեր անվտանգային միջազգային մեխանիզներով լուծելու, համարում եմ ճիշտ, այս պահի դրությամբ այն, համենայն դեպս, արդարացնում է իրեն, բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը չի բացառում նաև, որ ադրբեջանական նման գործողությունների նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է, գուցե նաև Հայաստանում գործող «պրոպագանդիստական գործակալական ցանցին» քաղաքական աջակցություն ցուցաբերելը:
«Բայց կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին: Որովհետև պահը չափազանց պատասխանատու է, և մենք հստակ արձանագրել ենք ու շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: