Միջազգային հանրությունն ավելի ու ավելի ակտիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է:
«Հիմա կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունը արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, և այն դեռ պետք է կարգավորվի: Ուզում եմ ընդգծել մեր Կառավարության քաղաքական կամքը՝ գնալ և կարգավորել հարցը, որովհետև այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և ՀՀ համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ: Սա չափազանց դժվար գործ է:
Այստեղ պետք է քաղաքական կամք, նաև հարվածներ վերցնելու ընդունակություն, հանրության հետ բաց, ազնիվ երկխոսություն: Բայց մենք ուզում եմ իլյուզիաների չտրվենք: Այո՛, այսօր Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը, և իմ ասած երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի զինված ուժերը րոպե առաջ լքեն ՀՀ տարածքը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը ներկայացրեց իրենց քաղաքական թիմի պատկերացումը. «Պատկերացումը հետևյալն է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր, և այդ հատվածներում, հետագայում նաև ամբողջ սահմանին սահմանի պաշտպանություն իրականացնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար նրանք կոչված են: Այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու, դա ունի բազմաթիվ բարդություններ, բայց մենք այս ընթացքում անընդհատ դա առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել: Որովհետև դա ի վերջո այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարատև կայունության համար»: