Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցում և պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ու Հայաստանին այդ խնդրի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի համաժողովի շրջանակներում:
«Բաքվի և Երևանի կողմից համապատասխան հարցման դեպքում Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացում։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել սահմանազատման ուղղությամբ՝ Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների հետ սահմանների երկայնքով: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ»,- նշել է փոխնախարարը։
Ռուդենկոն նշել է, որ սահմանագծման և սահմանազատման հարցի լուծման արդյունքը պետք է լինի պետական սահմանի մասին պայմանագիրը: