Եվրախորհրդարանի նիստում այսօր քննարկվել են հայ ռազմագերիներին, մարդու իրավունքների ոտնահարմանը վերաբերող հարցերը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Հայաստանի հարցերով զեկուցող, բուլղարացի Անդրեյ Կովաչևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ և պատերազմից հետո գերեվարված բոլոր զինվորականների ու քաղաքացիական անձանց անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակման անհրաժեշտությունը:
«Պաշտոնական Բաքուն պետք է կատարի ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված դրույթը, որի համաձայն պետք է տեղի ունենա բոլոր ռազմագերիների, պահվող բոլոր անձանց և զոհվածների աճյունների փոխանակումը: Սակայն ադրբեջանական կողմն այս մարդկանց որակում է որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ»,- հայտարարել է Կովաչևը:
Նա ընդգծել է, որ գերեվարվածները պաշտպանված են Ժնևյան կոնվենցիայով և միջազգային մարդասիրական իրավունքով և պետք է վերադարձվեն հայրենիք:
«Ադրբեջանը պետք է աջակցի ՄԻԵԴ-ին՝ պատշաճ տեղեկություն հաղորդելով գերեվարվածների առողջական վիճակի մասին»,- հայտարարել է Անդրեյ Կովաչևը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ անկախ և արդյունավետ հետաքննություն պետք է անցկացվի Ժնևյան կոնվենցիայի, միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների գործով:
«Բաքուն պետք է փակի նաև այսպես կոչված «ռազմական ավարի պուրակը», որտեղ ցուցադրված են հայ զինվորի անմարդկային կերպարները, ինչն էլ ավելի է խորացնում թշնամանքը»,- ընդգծել է նա: