«Ադրբեջանը փորձում է որպես սեփական ներկայացնել հայկական տարածքները՝ հիմնվելով A4 ֆորմատի թղթերի վրա նկարված իբրև քարտեզների վրա, որոնք ընդհանրապես չեն կարող քննարկման առարկա դառնալ»,- Սյունիքում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Այն գործելաոճը, որն այսօր դրսևորում է Ադրբեջանը, փոխարտգործնախարարն այսպես է բնութագրում:
Ավետ Ադոնց (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Սա ոտնձգություն է Հայաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ: Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից. սա՝ միանշանակ: Սա նախապայման էլ չեմ ասի, պարտադիր քայլ է, որ պետք է անեն, որպեսզի հետագայում շարունակվի ինչ-ինչ հարցերի քննարկում:
Ավետ Ադոնցը Սյունիքում էր Եվրամիության երկրների դեսպանների և ԵՄ ներկայացուցչի հետ: Եվրամիությունն ի՞նչ գործուն քայլեր կանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ:
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը այսօր Սյունիք կատարած այցի ժամանակ ասել է. «Եվրամիությունը ցանկացած, ինչպես նաև այս պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին»:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ դեսպան) - Եվրամիությունն օգտագործում է դիվանագիտական իր բոլոր լծակները խնդրի կարգավորման ուղղությամբ, և այն պնդումը, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության օգտին, կարծում եմ, ամեն ինչ ասում է:
Հայաստանում հավատարմագրված Եվրամիության 11 դեսպաններն այսօր եղել են Սև լճի հարակից տարածքում, նախքան այդ էլ նրանց ներկայացվել է 1969-ին Հայկական և Ադրբեջանական կողմերի միջև հաստատված և ռուսական՝ երրորդ կողմի վավերացրած քարտեզը: Ի՞նչ եզրահանգման է եկել այդ քարտեզից Եվրամիության դեսպանը.
Անդրեա Վիկտորին - 1969 թվականի քարտեզն է մեզ ներկայացվել այսօր: Ես փորձագետ չեմ և կոնկրետ կարծիք հայտնել չեմ կարող, բայց այսօրվա քարտեզից ակնհայտ էր, որ լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Եվրամիության դեսպանն ընդունո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մուտք է գործել մեր երկրի ինքնիշխան տարածք»: Հարցին դիվանագետը պատասխանում է.
Անդրեա Վիկտորին - Մեր նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է և իրադարձություններին տեղում ծանոթանալը:
Դեսպանի հավաստմամբ` Եվրամիությունը ակտիվ է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո էլ աջակցություն է ցուցաբերել տուժած քաղաքացիներին: Իսկ այս այցը, ըստ Անդրեա Վիկտորինի, Հայաստանի արտգործնախարարության հետ համաձայնեցված է եղել 3 օր առաջ՝ մինչև հայտնի փաստաթղթի հետ կապված լուրերի տարածումը:
Անդրեա Վիկտորինը հույս է հայտնել, որ ապագայում էլ՝ խաղաղ պայմաններում, կայցելի Սյունիք՝ մարզպետի հետ քննարկելու ապագայի հետ կապված ծրագրեր: