Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ՝ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մարդկանց գործունեությունը նոր չէ:
«Հերթական անգամ հյուսվում է, իբր, ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի Հանարապետության: Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ: Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը սևով փակված է, բայց դա ներկայացվում է որպես ապացույց, որ Կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Եվ սա, իհարկե, այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես որակել չեմ կարող: Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է:
Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99, այլ 100 տոկոսով: Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ չի հրապարակում փաստաթուղթը, քանի որ կոռեկտ չի համարում: