Բելգիայում Հայաստանի դիվանագիտական կորպուսի և Եվրոպայի հայ դատի գրասենյակի երկար ամիսներ տարած հետևողական աշխատանքի ու ջանքերի արդյունքում Եվրախորհրդարանի այս լիագումար նիստի օրակարգային հարցերի շարքում տեղ գտավ նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների հարցը։ Եվրախորհրդարանն ընդունած բանաձևով կոչ է անում անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Բաքուն պետք է հարգի իր իսկ ստորագրած եռակողմ հայտարարությունը և անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին՝ հայտարարեց ԵԽ ամենամեծ խմբակցության՝ ԵԺԿ-ի անդամ, Հայաստանի հարցերով զեկուցող, բանաձևի հեղինակներից Անդրեյ Կովաչևը։
Անդրեյ Կովաչև, ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող - Ադրբեջանական կողմն այս մարդկանց որակում է որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ: Ադրբեջանը պետք է աջակցի ՄԻԵԴ-ին՝ պատշաճ տեղեկություն հաղորդելով գերեվարվածների առողջական վիճակի մասին: Բաքուն պետք է փակի նաև, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակը»:
Եվրոպական խորհրդարանն իր հստակ պահանջն արտահայտեց՝ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ թե՛ ռազմական անձնակազմի, թե՛ քաղաքացիական անձանց, Ադրբեջանի կառավարությանը հորդորեց տրամադրել զինված հակամարտության առնչությամբ գերեվարված բոլոր անձանց սպառիչ ցուցակները:
«Եվրոպայի խորհրարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել համապատասխան միջազգային կազմակերպություններին ազատ և անխոչընդոտ այցելել գերիներին: Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվում հայ գերիների խնդրի շուրջ լիարժեքորեն համագործակցել ՄԻԵԴ-ի հետ»:
Բանաձևում վկայակոչվում են մարտի 19-ին «Human Rights Watch»-ի զեկույցում արված եզրակացությունները՝ հայ գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքի մասին և ադրբեջանական իշխանություններին կոչ է արվում ապահովել, որ անազատության մեջ գտնվողներին տրամադրվեն մարդու իրավունքների բոլոր երաշխիքները:
Չարլի Վեյմերս, ԵԽ պատգամավոր, Շվեդիա - ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երկու կողմերին կոչ է արել անհապաղ ավարտել գերեվարվածների փոխանակման գործընթացը: Կողմերի՞ն: Քանի՞ ադրբեջանցի ռազմագերի կա, որոնց պետք է Հայաստանը վերադարձնի: Այս հակամարտությունում կա միայն մեկ կողմ, որն ամբողջովին խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը: Եվ դա Ադրբեջանն է:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների խնդրով գործընթացին՝ նշելով, որ 183 միջանկյալ միջոց շարունակում է մնալ ուժի մեջ, և որ մարտի 9-ին դատարանը փաստել է Ադրբեջանի կողմից այդ միջոցները չկատարելու հանգամանքը: Հստակ ուղերձ ներառվեց նաև ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված, «պուրակի» մասին՝ պնդելով, որ այն պետք է փակվի առանց հետաձգման:
Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնությունը հասցնելու և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու նրա մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:
Մարինա Կալյուրանդ, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար - Պատերազմը երբեք լավ լուծում չէ։ Այն կարող է բերել կարճաժամկետ հաղթանակ, բայց այն նաև բերում է մահ, տառապանք ու ժամանակ է պահանջում՝ վերքերի բուժման համար: Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, Ադրբեջանին կոչ եմ անում իրականացնել միջազգային պարտավորությունները՝ ներառյալ հրադադարի ռեժիմն ու ՄԻԵԴ միջանկյալ որոշումների կատարումը։
Վկայակոչվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ և 2009 թվականի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, խաղաղ, տևական, համապարփակ և կայուն լուծում գտնելու ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշմանը:
Լարս Պատրիկ Բերգ, ԵԽ պատգամավոր, Գերմանիա - Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է բոլոր իրավունքները և հրադադարի պայմանավորվածությունը։ Այս կառույցը պարտավորվում է ուսումնասիրել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նման իրավիճակներին արագ արձագանքելու համար։ Նախագահ Ալիևը պետք է ցույց տա, որ ինքն իսկապես պետական այր է, որը պատրաստվում է վերադարձնել ռազմագերիներին:
Նշվում է նաև, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զորքերի մուտքը Հայաստանի տարածք ոտնահարում է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը հաջորդում է ադրբեջանական ներկայացուցիչների՝ ներառյալ նախագահի մակարդակով մտահոգիչ հայտարարություններին, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և սպառնում ուժի կիրառմամբ և, հետևաբար, խաթարում տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը: