Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել էստոնացի պատգամավոր Մարինա Կալյուրանդը:
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել երեք ամենակարևոր խնդիրների վրա: Առաջինը՝ բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը, ադրբեջանական կողմի՝ միջազգային պարտավորությունների կատարումը, ներառյալ հրադադարի համաձայնագիրն ու ՄԻԵԴ-ի կանոնակարգը»,- հայտարարել է Մարինա Կալյուրանդը՝ ընդգծելով, որ հայ գերիների թիվն ավելի քան 200 է:
Ըստ եվրախորհրդարանականի՝ երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ատելության տարածումը:
«Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարի պուրակը» դրա ամենացայտուն օրինակն է, որը նվաստացնում է հայերին, փառաբանում է բռնությունը և վատ դաս է ադրբեջանցի երեխաների համար: Այն պետք է վերացվի»,- ընդգծել է պատգամավորը:
Երրորդ կարևորագույն խնդիրը սահմանային միջադեպն է, որը խիստ մտահոգիչ է:
«Ադրբեջանին կոչ եմ անում զորքերը հետ քաշել սահմանից»,- հավելել է Մարինա Կալյուրանդը: