Հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթուղթը քննարկելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ այժմ «Բարգավաճ Հայաստանի» հետ քննարկում են հայտարարության տեքստը:
Էդմոն Մարուքյան (ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) -
Հայտարարությունը հենց լինելու է այն հայտարարությունը, որը խոսում է այն մասին, որ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերի մասին մեր օրենքի համաձայն՝ չի կարող մեր սահմանների...
Տեսեք՝ սահմանների հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է, հետևաբար միայն խորհրդարանի վավերացում է պահանջում: Քաղաքական բնույթի փաստաթուղթ, որն էլի սահմաններին է առնչվում և տարածքային ամբողջականությանը, էլի խորհրդարանի վավերացման փաստաթուղթ է, և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետո ՍԴ չուղարկվել և հետո խորհրդարանում չվավերացվել:
Դա բացառելու համար մենք այս հայտարարությունը նախաձեռնելու ենք, որ հիմա ընդունենք: Սա՝ մեկ, և երկրորդ՝ ես առավոտյան հայտարարությամբ եմ հանդես եկել, որ վարչապետը պետք է մանրամասն ներկայացնի, և ես սպասում էի, որ նա Կառավարության նիստին մանրամասն կներկայացնի, թե ինչի մասին է խոսքը, բայց նա խուսափեց և չներկայացրեց՝ ասելով, որ 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից: ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր, վարչապետի և այլ ուժերի համար, հետևաբար, ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը: