Մայիսի 19-ին հեռավար ձևաչափով կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, ընդհանուր արտաքին և անվտանգության գլխավոր վարչության տնօրեն Յերնեյ Մյուլլերը:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարներին, տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է եղել ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ գագաթաժողովին, ինչպես նաև՝ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF Enhancing Human Security) կազմակերպության սոցիալական ծրագրերով Հայաստանին աջակցելու հնարավորություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ծանոթացել տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։
Սլովենական կողմի ուշադրությունը հրավիրվել է հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակին։
Այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի առանցքային դերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման և, մասնավորապես՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին: