Ընտրական ցանկացած իրավախախտում համարժեք հակազդեցություն կունենա օրենքի մակարդակով: Երևանի դատախազի խոսքով՝ այդ ամենին կնպաստեն նաև Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների վերաբերյալ փոփոխությունները: Հայտնում է՝ տեղամասային կենտրոնում կամ դրա տարածքում բռնություն գործադրելը կամ այդպիսի բռնության սպառնալիքի համար խիստ պատասխանատվություն է սահմանվել:
Սևակ Հովհաննիսյան, Երևան քաղաքի դատախազ - 3-5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ որակյալ տեսակի համար՝ դարձյալ 4-6 տարի ժամկետով ազատազրկում:
Որակյալ տեսակ է համարվում, երբ դեպքում կան ծանրացնող հանգամանքներ. նույն արարքը կատավել է նախնական համաձայնությամբ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Կաշառք ստանալու համար ընտրողը կպատժվի 3-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Այն դեպքերում, երբ կաշառք ստացող անձն իրավապահ մարմիններին այդ մասին կհայտնի նախքան վերջիններիս տեղեկանալը՝ աջակցելով հանցագործության բացահայտմանը, քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Ընտրակաշառք տալը կպատժվի ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: Քրեականացվել է նաև հանրային ծառայողների կողմից ընտրողների նկատմամբ հարկադրանքի իրագործումը:
Սևակ Հովհաննիսյան - Ունենում էինք իրավիճակներ, երբ, հատկապես, հանրային ծառայողների կողմից կամ վերադասության ստորադասության փոխահարաբերություններում գտնվող անձանց նկատմամբ իրականացվում էր այդպիսի հարկադրանք՝ աշխատանքից ազատելու կամ հավելավճարներ խոստանալու ցանկացած այլ եղանակով:
Բարեգործության արգելքի խախտումը ևս քրեականացվել է: Ընտրություններ նշանակելու իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից մինչև արդյունքների ամփոփում բարեգործության անվան տակ ընտրողներին դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ որևէ այլ ծառայություններ մատուցելը, բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն կատարելը մինչև այս ենթադրում էր վարչական պատասխանատվություն՝ հիշեցնում է Երևանի դատախազը:
Սևակ Հովհաննիսյան - Բոլոր այն դեպքերում, երբ այս բարեգործության արգելքի խախտումը տեղի կունենա կազմակերպված խմբի կողմից կամ նախնական համաձայնությամբ խմբի կողմից կամ դրա արժեքը կգերազանցի նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, ապա այս դեպքում ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսվում՝ 4-6 տարի ժամկետով ազատազրկում:
Նախընտրական քարոզչության փուլում թեկնածուներն օգտվելով ընտրական օրենսգրքով իրենց վերապահված հնարավորություններից՝ իրենց գաղափարները ներկայացնելու համար օգտագործում են ռեսուրսներ՝ վճարովի կամ անվճար եթերաժամանակ, ընտրողների հետ հանդիպումներ, դահլիճների տրամադրում: Հովհաննիսյանի խոսքով՝ կպատժվեն արհեստական և ապօրինի այն միջամտությունները, որոնք կխաթարեն քվեի ձևավորման գործընթացը:
Սևակ Հովհաննիսյան - Այս պայմաններում այս հանցակազմի համար նախատեսված պատասխանատվությունը շատ կարևոր է: Դրա որակյալ տեսակի համար, երբ դա կատարվում է նախնական համաձայնությամբ խմբի կողմից կամ կազմակերպված խմբի կողմից կամ ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, դրա համար նախատեսվում է 4-6 տարով ազատազրկում, ինչն այդ հանցագործությանը դարձնում է ծանր հանցագործություն:
Այսուհետև, եթե ընտրողն անձամբ իր քվեարկության արդյունքը հրապարակի՝ տեսանկարահանելով կամ լուսանկարահանելով կամ էլ քվեաթերթիկը ստանալու համար երրորդ անձանց տեսանելի ձևով բաց քվեարկություն իրականացնի, ապա կտուգանվի 100 000 - 200 000 դրամով:
Սևակ Հովհաննիսյան - Սա, կարծում եմ, լուրջ կանխարգելիչ միջոցառում կլինի կոնկրետ ընտրողի կողմից իր քվեարկության արդյունքը գաղտնի պահելու և այն չհրապարակելու տեսանկյունից:
Ընտրական տարաբնույթ հանցագործությունների կանխարգելման, դրանց ժամանակին բացահայտման և պատշաճ քննության համար գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի գլխավոր դատախազի ղեկավարությամբ: Հովհաննիսյանը հայտնում է՝ դատախազական համակարգը հանձնառու է քրեաիրավական տեսանկյունից ապահովել համապետական միջոցառման օրինականությունը: