Հայաստանի սահմանին առանց կրակոցի նյարդերի կռիվ է, արդեն 8 օր:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ այսօրվա դրությամբ, սահմանին էական փոփոխություններ չեն եղել։ Բոլոր ուղղություններում ադրբեջանցի զինվորականները, նրանց ապահովման հնարավոր ուղիները հայկական ուժերի վերահսկողության տակ են։
ՀՀ ՊՆ - Նախորդ երկու օրերին Հայաստանի զինված ուժերի հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։
Պաշտպանական գերատեսչությունը միաժամանակ հայտնում է՝ չնայած ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը չի ներկայացել այսօրվա բանակցություններին:
Տարոն Հովհանիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - Խնդրի կարգավորման երեք տարբերակ կա՝ Ադրբեջանի զինվորները մնում են այնտեղ, որ են, որն անընդունելի է, երկրորդ՝ հայկական զինուժը գործողություններ է սկսում ՀՀ սուվերեն տարածքը ազատագրելու համար. տարբերակ է, բայց վտանգավոր, այն կարող է ավելի լայնածավալ բախման հանգեցնել: Նշված տարբերակներից խուսափելու միակ միջոցը՝ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը իրականացնում են իրենց դաշնակցային պարտավորությունները:
ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է՝ Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում:
Սերգեյ Լավրով (ՌԴ արտաքին գործերի նախարար) - Մենք մանրամասնորեն տեղեկացրել ենք մեր բարեկամներին այն ջանքերի մասին, որ ձեռնարկում է Ռուսաստանը միջադեպի կարգավորման համար: Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանն առաջարկել է աջակցել սահմանազատման և սահմանագծման մեկնարկին, ինչպես նաև այդ նպատակով հանդես գալ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաև՝ միջնորդ:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Ռուսաստանի առաջարկին Երևանի արձագանքն է՝ քննարկում կարող է ծավալվել միայն այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից, «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) - Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան՝, հայկական կողմն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ գործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններով ստանձնած պարտավորությունները չկատարելուն:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի հետ սահմանազատման թեմային անդրադարձել է ՀՀ ՄԻՊ-ը, ընդգծել՝ Հայաստանի սահմանային բնակիչների, իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու ստեղծում:
ՀՀ ՄԻՊ - Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլև կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
ՍԵՎ ԼՃԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՐԲԵՔ ՎԻՃԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ
Լարվածության պատճառներից մեկը դարձած Սյունիքի Սև լիճը ուղղակի տարածք չէ, կենսական անվտանգության սահման է՝ իր բարձունքներով, որ երբևէ վիճելի տարածք չի եղել, վիճելի է օրինակ 30-ականներին Խորհրդային Հայաստանից մի շարք տարածքների պոկումը հօգուտ Ադրբեջանի,- նշում է Հովհաննիսյանը:
Տարոն Հովհանիսյան - Տարածքներ են տրվել Ադրբեջանին Սյունիքից՛ Տավուշից, տրվել են Ղազախին, ա՛յ դրանք կարող են համարվել վիճելի տարածքներ, որովհետև տրվել են լուրջ խախտումներով, բայց Սև լճի հատվածը անգամ այդ փոփոխություններով երբեք չի եղել Ադրբեջանի կազմում:
Հայաստանի սահմաններին Ադրբեջանի շարունակվող սադրանքի՝ ողջամիտ ժամկետում չլուծվելու դեպքում, Հայաստանի զինված ուժերին իրավունք է վերապահվում խնդիրը կարգավորել այլ, նաև ուժային տարբերակով, զգուշացրել է պաշտպանության նախարարությունը։