ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Սերգեյ Բագրատյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած՝ ՀՀ հողային օրենսգրքում փոփոխության նախագիծը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի մշակման ընթացքում հանդիպումներ են ունեցել մի շարք համայնքների բնակիչների հետ, որոնք առաջարկել են հնարավորություն տալ համայնքների ղեկավարներին գյուղնշանակության հողը վարձակալության հանձնել ոչ թե 25, այլ մինչև 49 տարի ժամկետով:
Պատգամավորը հիմնավորեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները հիմա ավելի մեծ ներդրումներ են կատարում, և նրանք ակնկալիք ունեն ավելի երկար ժամկետով կնքել պայմանագիր, քան օրենքով սահմանված 25 տարին է: «Պետությունը պետք է փորձի ավելի քիչ միջամտել համայնք-տնտեսվարող սուբյեկտ հարաբերություններին, պետք է ազատ շուկայական հարաբերություններ թողնել»,- ասաց Բաղդասարյանը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների նախագծին: ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ լուծումը պետք է լինի կոռեկտ, և նախագծի ընդունումն այս պահին նպատակահարմար չէ: Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարների մոտ այդ մոտիվացիան վերածվելու է շահարկումների, ընտրովիության՝ մեկի հետ խզել պայմանագիրը, մեկի հետ չխզել, և դառնալու է խառնաշփոթ: «Նուրբ թեմա է, ձեռք կտանք, հետո չգիտենք՝ ինչ կստացվի»,- ասաց նա:
Փոխնախարարը պարզաբանեց, որ, ըստ մասնագետների՝ 25 տարին գյուղատնտեսությամբ զբաղվելու ցիկլն է, ուստի վարձակալության ժամկետի փոփոխությունը նպատակահարմար չէ:
Բաղդասարյանի առաջարկությամբ՝ նախագծի քվեարկությունը հետաձգվեց: