ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումների նախագիծը:
Նախագծի հեղինակ, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:
Ավելի պարզ՝ առաջարկվում է դպրոցում դասավանդելու հնարավորություն տալ նաև մանկավարժական որակավորում չունեցող մասնագետների:
Ըստ լրացման՝ անձը կարող է ուսումնական հաստատության համապատասխան ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել նաև, եթե մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում (այսինքն՝ թույլ տալ աշխատել մանկավարժական կրեդիտներ հավաքելու ընթացքում - խմբ.), որն ավարտվում է ոչ ուշ, քան 2022 թ. հունվարի 1-ին:
«Այս փոփոխությունը հնարավորություն կտա կրթական համակարգը համալրելու նոր, թարմ ռեսուրսով, ինչն իր հետ կբերի սերնդափոխություն, որը կփոխլրացնի այն մանկավարժներին, որոնք տասնամյակներ շարունակ իրենց ներդրումն ունեցել են և կունենան այս ոլորտում, նաև որոշակիորեն մրցակցային կդարձնի ուսուցչի մասնագիտությունը»,- ընդգծեց Հայրապետյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գործադիրը կողմ է նախաձեռնությանը: Նա առաջարկեց հանել նախագծի երկրորդ մասը: Նրա խոսքով՝ մանկավարժական կրեդիտներ կուտակելը դեռ չի երաշխավորում, որ անձը հավաքելու է համապատասխան կրեդիտները, որը հիմք է տվյալ առարկայի մասնագիտական որակավորում ունեցող անձին ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:
Մխիթար Հայրապետյանն առաջարկեց դեռևս չհանել նախագծի այդ մասը, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փորձել գտնել վերահսկողական մեխանիզմներ, չգտնելու դեպքում միայն հանել այդ հատվածը: