Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը 20 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում: Այս մասին գրում է ermenihaber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրապարակումը:
Նախարարի հաղորդմամբ՝ միջադեպերի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:
Թուրքական տարբեր լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ դրա մերձակայքում, և դրանց հետևանքով խուճապ է առաջացել հարակից շրջանների բնակչության մոտ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռազմաբազայի վրա հարձակման փորձերն իրականացվել են փոքր ԱԹՍ-ներով: