Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով՝ մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մասնավորապես Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999 թ. և 2020 թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների՝ տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։
Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։
Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։