Լրատվամիջոցների ազատությունը պայմանավորված է նաև լրատվամիջոցների փայատերերի, իրական կամ ֆորմալ սեփականատերերի ազդեցությամբ. հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հանձնաժողովի 2020 թ. գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս:
«Այստեղ, ցավոք, ոչ գործող օրենսդրությունը, ոչ հասարակության զարգացումը թույլ չեն տալիս պատշաճ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: Եթե մենք կարող ենք փաստել, որ մամուլը մեծ մասամբ ազատ է գործում և չունի իր վրա իշխանության ազդեցությունը, նույնը չենք կարող ասել այդ լրատվամիջոցների վրա տարբեր ֆինանսական ու քաղաքական խմբերի ազդեցության մասին: Այն եթե մամուլին տալիս է ազատության որոշ հնարավորություններ, բայց և չի երաշխավորում նրանց լիակատար անկախությունը»,- ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարում էապես բարձրացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նկատմամբ վստահությունը: «Իշխանությունների կողմից որևէ միջամտություն մեր գործերին, ուղղորդում կամ ուղղորդման փորձեր հանձնաժողովը չի ունեցել: Մենք գործել ենք լիակատար ազատության մեջ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ եղել են քննարկումներ, բայց հանձնաժողովի որոշումներն ուղղորդված չեն եղել:
Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՌՀ որոշումների դեմ լրատվամիջոցները ներկայացրել են 11 դատական հայց: «Համեմատության համար նշեմ, որ 2001-2018 թթ. ՀՌՀ-ի դեմ եղել է մեկ դատական հայց: Դա նշանակում է, որ մեր փոխհարաբերությունները լրատվամիջոցների հետ լուծվում են օրինական դաշտում, դատական ատյաններում, այլ ոչ թե տարբեր աշխատասենյակներում կամ այլ եղանակներով: Սա ևս խոսում է լրատվամիջոցների ազատությաւն ու մեր գործառույթների պատշաճ իրականացման մասին»,- ասել է նա: