Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալ են նվաճել:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը 3:2 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Բորոհանին, իսկ Ավագյանն ուժեղ է գտնվել վրացի Գոգա Մամիաուրիից՝ 7:4:
Մայիսի 18-ին պայքարի մեջ մտած Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել էին եզրափակչի ուղեգիր: Մայիսի 19-ին Ռազմիկ Պապիկյանը եզրափակչում կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, Հրայր Ալիխանյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևն է: