Կրթության և գիտության ոլորտում ունեցած զգալի ավանդի, Հայաստանում հոգեբանական գիտության զարգացման և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայ-ռուսական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի «Հոգեբանություն» մասնագիտության ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Սուրենի Բերբերյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով:
Նախարարության բարձրագույն պարգևն Ասյա Բերբերյանին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: «Մաղթում եմ, որ շարունակեք Ձեր արդյունավետ աշխատանքը և առավել զգալի ներդրում ունենաք հոգեբանական գիտության դերի բարձրացման գործում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ շնորհավորելով վերջինիս 60-ամյակը:
Ասյա Բերբերյանն արժանացել է նաև Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի բարձրագույն պարգևին, որը շնորհել է ՌԴ Յարոսլավի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, վերոնշյալ ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոզլովը: Նա շնորհավորել է Ասյա Բերբերյանին՝ շեշտելով, որ վերջինիս դերն անգնահատելի է միջազգային կապերի զարգացման և հոգեբանության ոլորտում ներդրած մեծ ավանդի գործում:
Ասյա Բերբերյանն իրեն նմանօրինակ պարգևի արժանացնելու համար շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությանը:
«Այս աշխարհում ամեն ինչ օրինաչափ է, ուստի պատահական չէ, որ ուղիղ 10 տարի առաջ հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճան ինձ շնորհել է այն ժամանակվա ԲՈԿ-ի նախագահ Արմեն Թռչունյանը, իսկ այսօր ԿԳՄՍՆ պարգևը հանձնում է նրա որդին՝ Կարեն Թռչունյանը: Վստահ եմ, որ այս պարգևը կհանդիսանա նոր նվաճումների խթան և մասնագիտական կադրերի պատրաստման նոր առաքելություն՝ ի շահ մեր բուհի, երկրի և հզոր գիտության՝ հոգեբանության զարգացման»,- ասել է Ասյա Բերբերյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանին և մյուս բուհերի իր գործընկերներին, որոնց միջոցով Հայաստանում հոգեբանությունը զարգացում է ապրում:
Նշենք, որ Ասյա Բերբերյանն ունի ավելի քան 250 գիտական աշխատություններ, հայ և ռուս գործընկերների հետ համահեղինակ է դասագրքերի և գիտական մենագրությունների: Պարգևատրվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: