Մինչև թոշակի տարիքը տնօրենի աթոռին մնալու կամ ժառանգաբար պաշտոնը փոխանցելու պրակտիկան էլ չի գործի: Կրթության գերատեսչությունը հանրային քննարկման է դրել դպրոց-քոլեջ-ուսումնարանների տնօրենների ընտրության նոր կարգ:
Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ փոխնախարար - Ընթացիկ պրակտիկան այն է, որ մենք սպասում էինք մինչև ժամկետը լրանար, այնուհետև նշանակվում էր որևէ մեկը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, և դրանից հետո նոր կազմակերպվում էր գործընթացը: Սա առաջացնում էր հավելյալ լարում ու վարչարարություն:
Նոր կարգով նախատեսվում է ընտրությունն իրականացնել մինչև տնօրենի պաշտոնավարման ժամկետի ավարտը, արդյունքում՝ հրաժարվել նաև պաշտոնակատարի ինստիտուտից:
Ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած կլինի 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի ձայների 2/3-ը: Այսինքն՝ նոր կարգավորմամբ ո՛չ լիազոր մարմինը, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարողանա միանձնյա որոշել՝ ով ստանձնի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով` վերացվում է պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենին նշանակում էր ԿԳՄՍ նախարարը և փոխվարչապետը:
Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ - Սա, իհարկե, մեծ խնդիրներ է ստեղծել: Օրինակ՝ նախկինում և վերջին երկու դպրոցների դեպքերը հենց դրա հետ էին կապված: Եթե թեկնածուներից որևէ մեկը չէր հավաքում ձայների մեծամասնությունը, ապա նախարարը կամ փոխվարչապետը կարող էր նրանցից ցանկացածին նշանակել տնօրեն: Սա անընդունելի է: Այս նախագծում դա հանվել է:
Նախկինում թեև կար խորհուրդ, բայց ընտրությունը ձևական էր: Որպես կանոն՝ նախօրոք որոշվում էր, թե ով պետք է լինի տնօրեն՝ նշում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու խնդիր մատնաշնում նաև նոր կարգում:
Սերոբ Խաչատրյան - 9 հոգուց 6 ձայն հավաքելը բավականին դժվար է լինելու: Ես կանխատեսում եմ, որ բազմաթիվ դպրոցներում չի ընտրվելու որևէ թեկնածու, և սա որոշակի ձգձգումներ է առաջացնելու:
Եթե հնարավոր չլինի որոշել հաղթողին, ապա պետք է կայանա նոր մրցույթ և ընտրություն՝ նշում է փոխնախարարը: Դպրոցի կառավարման խորհուրդներն էլ պետք է հանդես գան որպես ինքնուրույն ու անկախ մարմիններ, որտեղ ներկայացված են շահագրգիռ բոլոր կողմերը:
Ժաննա Անդրեասյան - Մեծացրինք մանկավարժական և ծնողական համայնքի դերը և պահանջ սահմանեցինք, որ տնօրենի հավակնորդները պետք է անպայման հանդիպեն մանկավարժական և ծնողական համայնքներին:
Նախարարությունը նախատեսում է նաև խորհրդի անդամների վերապատրաստում, որ գործընթացում ներգրավված անձինք ավելի լավ պատկերացնեն իրենց գործառույթները: Նոր կարգով առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տնօրենի թեկնածուի ներկայացրած 5 տարվա զարգացման ծրագրին:
Ժաննա Անդրեասյան - Փաստացի ունենում էինք իրավիճակ, երբ զարգացման ծրագրի նշանակությունը խիստ ձևական էր և, իրականում, ընտրում են անձը: Իհարկե, անձը շատ կարևոր է, բայց մենք պետք է կարողանանք անել այնպես, որ աշխատեն կառուցվածքները, որտեղ անձերը կարևոր են, բայց կա նաև կառուցվածք, որն աշխատում է:
Հանրային քննարկման դրած «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախարարությունն առաջարկել է սահմանափակել դպրոցի տնօրենի՝ նույն հաստատությունում անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով: