Առաջին եռամսյակում ցուցանիշները գերազանցել են կանխատեսումները: Հայաստանի 17 բանկերը միասին ունեն 913 մլրդ դրամից ավելի կապիտալ: 841 մասնաճյուղ, 12700 աշխատակցով բանկերը սպասարկում են 6 մլն 300 հազարից ավելի բանկային հաշիվներ: Ավանդների ծավալը հասել է 3,7 տրիլիոն դրամի, ակտիվների ծավալը՝ 6,7 տրիլիոնի: Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 17 մլրդ դրամով: Բանկերի միության գործադիր տնօրենը ընդհանուր կապիտալի ցուցանիշը առաջնային է համարում՝ ապահովում է համակարգի կայունությունը՝ նպաստելով բանկերի գործունեության ընդլայնմանը:
Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն) - Կապիտալը բանկերում ավելացել ա ի հաշիվ տարիների ընթացքում կուտակված շահույթի և սեփականատերերի կողմից կատարված ներդրումների:
Ակտիվները ևս մարտի 31-ի դրությամբ աճել են՝ տարվա կտրվածքով՝ 12,7 տոկոսով, այսինքն՝ 752 մլրդ դրամով: Հիմնական մաս կազմող վարկային ներդրումները առաջին եռամսյակում նվազել են 1,5 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով՝ ավելացել 6,9 տոկոսով: Ինչո՞վ է պայմանավորված վարկային ներդրումների ծավալի աճը: Համավարակի և պատերազմի օրերին բանկերի կողմից մեծ ծավալի միջոցներ ներվել են, դուրս են գրվել, ինչն էլ ազդեցություն է ունեցել ընդհանուր պորտֆելի վրա:
Սեյրան Սարգսյան - Այս պայմաններում բանկերը շարունակել են ակտիվ վարկավորում, մի փոքր դանդաղել ա, բայց շարունակվել ա վարկավորումը, և դա է պատճառը, որ տարվա կտրվածքով 6,9 տոկոս աճ ունենք, իսկ պորտֆելի նվազումը կապված ա ներդրումների հետ:
Տնտեսության առանձին ճյուղերի բանկային վարկավորումը կապված է այդ ոլորտների ակտիվության հետ: Նկատվել է նաև վարկավորման աճ: Շինարարության ոլորտում, օրինակ՝ 2 տոկոսով, հիփոթեքային վարկերն ավելացել են 7 տոկոսով, աճ է գրանցվել գյուղատնտեսական և սպառողական ոլորտներում:
Սեյրան Սարգսյան - Բայց մենք, օրինակ՝ ունենք նաև սպառողական վարկերը 1 տոկոսով նվազել են, նվազել է արդյունաբերությունը 2 տոկոսով, առևտուրը՝ 0.2 տոկոսով, տրանսպորտ և կապը՝ 1 տոկոսով, այսինքն՝ մենք տեսնում ենք տնտեսության առանձին ճյուղերի ակտիվության և վարկավորման ուղղությունների միջև բավականին ուժեղ կորելյացիա:
Վարկավորման ամբողջ ծավալի շուրջ 49 տոկոսը տնտեսությանը կամ ընկերություններին տրված, իսկ 41 տոկոսը՝ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն են: Մնացած 10 տոկոսը բանկերի միջև վարկերն են և ավանդները: