Հայաստանը Քովիդի երրորդ ալիքի հաղթահարման փուլում է, թեստերի դրական ախտորոշումներն ամեն օր նվազում են։ Այդուհանդերձ, վարակի մաքսիմալ հաղթահարման հիմնական նախապայմանը պատվաստումն է։ Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատարն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր:
Շիրակի մարզ այցելության ընթացքում Անահիտ Ավանեսյանը եղավ մարզի բուժհաստատություններում՝ պատվաստումային գործընթացի մոնիթորինգ իրականացնելու համար։ Գյումրու երկրորդ պոլիկլինիկայում պատվաստումների տեմպից դժգոհ չեն։
Թեստերի դրական ախտորոշումներն ամեն օր նվազում են։ Հայաստանը Քովիդի երրորդ ալիքի հաղթահարման փուլում է գտնվում։ Չնայած այս ամենին՝ վարակի ամբողջական հաղթահարման հիմնական նախապայմանը պատվաստումն է։ Շիրակի մարզում ցուցանիշը գոհացնող է՝ ասում է նախարարի պաշտոնակատարը։
ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում չայցելել շուրջ 150 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Նշվող պատճառը կորոնավիրուսն է, որոշ տարածքներում վտանգը մեծացել է։ Հայաստանը կորոնավիրուսային քարտեզի կարմիր գոտում է, և վարակի բռնկման տեսանկյունից վտանգավոր երկիր է համարվում։ Չափորոշիչներից մեկը հենց պատվաստումների ցածր շեմն է։
Պատվաստումների ցուցանիշը ցածր է, բայց վերջին շրջանի տեմպը հուսադրող է։ Չնայած դժվար է կանխատեսել, այս տեմպերով որքան ժամանակ կպահանջվի, որ Հայաստանը Քովիդ քարտեզում կարմիրից անցնի կանաչ գոտու։ Չնայած Քովիդի պատճառած անհարմարություններին, այն ստիպեց նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել առաջնային բուժօղակին։ Գյումրու երկրորդ պոլիկլինիկան էլ շենքային ու տեխնիկական վատ պայմաններով է գործել, քննարկվում է դրանք թարմացնելու հարցը։
Օրերս պոլիկլինիկան նոր ռենտգեն սարքավորում է ստացել՝ վերջին սերնդի։ Մինչ այդ այստեղ 60-ականներից մնացած ռենտգեն ապարատով էին ախտորոշում։ Հնարավո՞ր է օպտիմալացվի բուժհիմնարկը, սա էլ դեռ պիտի քննարկեն։
Անահիտ Ավանեսյանը հանդիպեց Շիրակում գործող բուժհաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկելու ոլորտում առկա մյուս խնդիրները։