ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարություն է տարածել՝ Մեծ յոթնյակի հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, աված է.
«COVAX նախաձեռնությունը՝ COVID-19 պատվաստանյութերի համաշխարհային համահավասարությունն ապահովող կառույցը, առաջիկա օրերին առաքելու է իր 65-միլիոներորդ չափաբաժինը, այնինչ պետք է առաքեր առնվազն 170-միլիոներորդը: Երբ հաջորդ ամիս Մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպեն Մեծ Բրիտանիայում, և քանի որ կորոնավիրուսային հիվանդության մահացու երկրորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է տարածվել Հնդկաստանում և հարևան հարավասիական երկրներում, պակասորդը կկազմի 190 միլիոն չափաբաժին:
Մենք բազմիցս նախազգուշացրել ենք «փայտը ձեռքից գցելու» և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին առանց պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման միջոցների արդարացի հասանելիության թողնելու ռիսկերի մասին: Մտահոգված ենք, քանի որ Հնդկաստանում հիվանդության մահացու ալիքը ցույց է տալիս, թե ինչ կպատահի, եթե չանսան մեր նախազգուշացումներին: Չնայած Հնդկաստանում իրավիճակը ողբերգական է, բայց Հնդկաստանը միակը չէ: Դեպքերի թիվը շեշտակի աճում է, և առողջապահական համակարգերը պայքարում են Հնդկաստանի հարևան երկրներում՝ Նեպալում, Շրի Լանկայում, Մալդիվներում, ինչպես նաև այլ երկրներում՝ Արգենտինայում և Բրազիլիայում:
Երեխաներն ու նրանց ընտանիքները չափազանց բարձր գին կվճարեն այս ամենի համար: Որքան երկար վարակն առանց խոչընդոտների տարածվի, այնքան մեծ է վիրուսի մահացու կամ վարակիչ նոր տեսակների առաջացման ռիսկը:
Այս համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է՝ ամբողջ աշխարհում: COVAX-ը, ԱՀԿ-ի, Գավիի և CEPI-ի գլխավորությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, որպես իրականացնող գործընկեր, ցույց է տվել այդ ճանապարհը: Բայց COVAX-ում մատակարարումների պակաս կա:
Պատվաստանյութեր արտադրող Հնդկաստանում իրավիճակն ունի գլոբալ հետևանքներ, այն է՝ COVAX-ին հասանելի պատվաստանյութերի խիստ կրճատումն է: Ներքին պահանջարկի աճը նշանակում է, որ մինչև մայիսի վերջ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված 140 միլիոն չափաբաժինը չի կարող տրվել COVAX-ին: Եվս 50 միլիոն չափաբաժին, ամենայն հավանականությամբ, չի տրամադրվի նախաձեռնությանը հունիսին: Այս հանգամանքը, ի լրումն պատվաստանյութերի ազգայնականությանը, սահմանափակ արտադրական կարողությունների և ֆինանսավորման բացակայությանը, պատճառ է հանդիսացել, որ COVID-19 պատվաստանյութերի բաշխումը հետ ընկնի ժամանակացույցից:
Հաջորդ ամիս Մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպելու են՝ արտակարգ իրավիճակների դադարեցման հնարավոր սցենար մշակելու: Airfinity-ի հետազոտական կառույցի տրամադրած տվյալների նոր վերլուծությունը, որն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միացյալ Թագավորության ազգային կոմիտեի հանձնարարությամբ, փաստում է, որ Մեծ յոթնյակի երկրները և Եվրամիության անդամ պետությունների խումբը կարող են նվիրաբերել պատվաստանյութերի շուրջ 153 միլիոն չափաբաժին, եթե հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին նվիրաբերեն իրենց հասանելի չափաբաժինների 20 տոկոսը: Ըստ էության, նրանք կարո՛ղ են այդպես վարվել՝ միևնույն ժամանակ կատարելով իրենց սեփական բնակչությանը պատվաստելու պարտավորությունները»: