«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Իրադրությունը կայուն է, բայց լարված և, մյուս կողմից, պետք է ընդգծեմ՝ անընդունելի մեզ համար, որովհետև մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Իհարկե, մեր զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Սա մեր առաջնային մոտեցումը և նպատակն է:
Փաշինյանը խոսել է ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ արձագանքման կանոնակարգի մասին, նշել՝ գործընթացը գուցե ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և Հայաստանը շարունակում է հետևողական աշխատանքը: Բացի այդ, գործի են դրված դիվանագիտական ջանքերը` իրադրության մասին միջազգային հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան - Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Տեղյակ եք նաև, որ աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի գործողությունները համարում եմ ապակառուցողական: Նրանք տարածաշրջանի լարվածությունն ավելացնելուն միտված քայլեր են ձեռնարկում: Մեր գնահատումն այն է, որ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը:
Փաշինյանը հիշեցրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ հունվարի 11-ի համատեղ հայտարարության մասին, ընդգծել՝ այն վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարանցիկ բեռնափոխադրման հարցերի կարգավորմանը և որ Հայաստանը ոչ միայն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև դա համարում է երկրի համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը:
Նիկոլ Փաշինյան - Ընդհանուր առմամբ՝ մեր տպավորությունն այն էր և շարունակում է այն մնալ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից գլխավորվող եռակողմ հանձնաժողովը բավական արդյունավետ և կառուցողական աշխատանք է տարել, և մնում է այդ աշխատանքների արդյունքներն իմպլեմենտացնելու մասին մտածել: Եվ տարօրինակ է, որ այդ փուլում իրագործվեց այս սադրանքը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կարևոր է թացը չորից տարբերել: Փաշինյանն ասում է՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի, այլև կարևոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Համաձայն պայմանավորվածությունների՝ Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի և Ռուսաստանի հետ: Ադրբեջանն էլ ստանում է երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ խոսքը բեռնափոխադրումների մասին է: Ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում հետագայում վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը:
Նիկոլ Փաշինյան - Ինչո՞ւ եմ ասում՝ մենք պետք է տարբերակենք իրարից. որովհետև ճանապարհների բացումը, այո՛, մեզ համար կարևոր է: Մենք հունվարի 11-ի հայտարարությունն ստորագրել ենք, քանի որ այդ հայտարարությունը բխում է մեր շահերից: Մենք հետևողականորեն աշխատելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Բայց ինչո՞ւ եմ այս մասին ասում, որովհետև զգում եմ, որ հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել ինչ-որ «միջանցքների» մասին խոսակցության հետ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տվյալ դեպքում տեղին չեն: Մեր առաջնահերթությունն ու խնդիրը պետք է լինի՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից: