Եվրոպան վերացնում է սահմանափակումները, չնայած համավարակը շարունակվում է: Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը սուրճ են խմել բացօթյա սրճարանում՝ կորոնավիրուսի պատճառով մի շարք սահմանափակումների վերացման կապակցությամբ: Նույն քաղաքականությունն է տարվում նաև եվրոպական մի շարք պետություններում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռումինիայում, գրում է Euronews-ը:
Մինչդեռ շատ երկրներում էլ դեռևս մոլեգնում է համավարակի երկրորդ կամ երրորդ ալիքը: Վերջին մեկ օրվա ընթացքում մահվան ու վարակի ռեկորդ է սահմանվել Արգենտինայում՝ 745 մահ և 35.543 վարակակիր: Սակայն անհանգստացնողը դարձյալ Հնդկաստանն է: Վերջին 24 ժամվա ընթացում այստեղ գրանցվել է վարակի 267.334 և մահվան 4529 նոր դեպք: Հնդկաստանում մարտ-ապրիլ ամիսներին վարակից մահացել է 244 բժիշկ, համավարակի սկզբից ի վեր՝ արդեն հազարը: