Վահեն ու դասընկերները դժվարությամբ, բայց կարողացել են հրաժարվել անառողջ սննդից: Մեծամորի 1-ին հիմնական դպրոցը 2014 թվականից ներառված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրում: Մինչև համավարակը, տարրական դպրոցի ու նախակրթարանի սաները սնվել են ճաշարանում, օգտվել տաք սննդից:
Նազելի Եսայան (Մեծամորի 1-ին հիմնական դպրոցի դասվար) - Երեխաներին կարգ ու կանոնով ուղեկցում ենք ճաշարան, նույնիսկ սեղանի շուրջ նստելու, օգտվելու կանոններն ենք սովորեցնում:
Ծրագիրը նաև ընթացիկ ուսումնական տարում է շարունակվում, բայց քանի որ դպրոցական ճաշարանները COVID-ի պատճառով չեն աշխատում, տաք սնունդը փոխարինել են չորով: Ծրագրին տեխնիկական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտը:
Նունե Գևորգյան (Մեծամորի 1-ին հիմնական դպրոցի տնօրեն) - Նախկինում պատրաստում էինք ճաշարանում, համագործակցում էինք ծնողական համայնքի հետ, պատրաստում էինք առողջարար ուտեստներ, իսկ հիմա համավարակի պատճառով տրամադրվում է չոր սննդի տեսքով:
Սննդի արկղերը տրամադրում են տարրական դասարանների երեխաների ծնողներին՝ կերակուրը տանը պատրաստելու համար: Հնդկաձավար, մակարոնեղեն, ոսպ, բրինձ, ձեթ, ալյուր՝ մոտ 15 կգ:
Պարենի համաշխարհային կազմակերպության և մեր կառավարության ջանքերով չոր սնունդը հասանելի է դարձել 10 մարզի մոտ 100 հազար դպրոցականների: Արմավիրում, Լոռիում, Կոտայքում և Գեղարքունիքում ծրագիրն իրականացվում է Պարենի համաշխարհային կազմակերպության ֆինանսավորմամբ, իսկ մնացած մարզերում՝ պետական ծրագրով: Եթե տաք սննդի դեպքում օգտվում էր միայն երեխան, հիմա նաև՝ ընտանիքը:
Լիլիթ Մարկոսյան (ծնող) - Կարիքավոր ընտանիքի համար շատ կարևոր է: Պատկերացրեք՝ ինչքան կարևոր է, որ տուն է գնում սնունդը, բոլորին չի վերաբերում, բայց մոտ 30 տոկոսին անհրաժեշտ է:
Սննդի փաթեթներ տրամադրվում են նաև դպրոցական ճաշարաններում աշխատողներին, որոնք սոցիալական խնդիրներ ունեն: Մինչև COVID-ը, աշխատողները հասցրել էին զգալ նաև ծրագրից ստացած խոհանոցային տեխնիկայի հաճույքը. դա մի քանի անգամ արագացրել ու հեշտացրել է կերակուր պատրաստելը:
Մարինե Բալբանյան (խոհարար) - Երկու տարի է՝ ստացել ենք, աղցաններ ենք պատրաստել, կեքսեր ենք թխել, թեյ ենք պատրաստել:
Էներգետիկների քաղաքի 1-ին դպրոցը շուտով ջերմատուն էլ կունենա: Ճաշարանի սննդակարգը հարստացնելու համար այստեղ բանջարեղեն կաճեցնեն:
Ջերմատունը կաշխատի ավանդական և հիդրոպոնիկ եղանակով: Ջերմոցը հնարավորություն կտա ձեռնարկատիրական գործունեություն էլ ծավալել. ավելացած բանջարեղենը կվաճառեն, գումարը կուղղեն դպրոցի այլ կարիքներին: Իսկ ջերմատան և դպրոցի էներգետիկ ծախսերը կթեթևացնեն արևային կայանները:
Նունե Գևորգյան - Արևային վահանակները ժամում 50 կվտ արտադրողականություն ունեն, դրա 60 տոկոսը տրամադրվելու է խոհանոցի, ջերմատան և դպրոցի էներգետիկ ծախսերի համար, իսկ 40 տոկոսը կօգտագործենք դպրոցի այլ կարիքների համար:
Իսկ երեխաները սպասում են համավարակի նահանջին, որ ձեռք ձեռքի բռնած ճաշարան գնան, տաք ու առողջ սնունդ վայելեն: