Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել նաև քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները։ ԱՍՀՆ-ի կողմից ծրագրի շահառուներին տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ աջակցություն։
Անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել մինչև 2021 թ. դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:
Հարկ է նշել, որ միջոցառման շահառուներ են համարվում բացառապես քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները: Զինծառայողները, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով զինծառայության ներգրավված քաղաքացիները և կամավորագրված անձինք նշված միջոցառման շահառու լինել չեն կարող:
Զինծառայողների շրջանում 2020 թ․ պատերազմի հետևանքով անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին աջակցություն է տրամադրվում մեկ այլ ծրագրով՝ ԱՍՀՆ և ՊՆ համագործակցությամբ։ Ըստ այդմ՝ տրվում է ամսական 300.000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։
Աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցով։