ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխարհի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել Պեկինում կայանալիք 2022 թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցությունից՝ վկայակոչելով Չինաստանում մարդու իրավունքների խախտումները, հայտնում է ТАСС-ը:
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության խոսնակը պատասխանել է Փելոսիի կոչին՝ Twitter-ի իր միկրոբլոգում ասելով, որ Պեկինը «կտրականապես դեմ է սպորտի քաղաքականացմանը, ինչը հակասում է Օլիմպիական խարտիայի ոգուն և, ի վերջո, վնասում է արդար մրցակցությանը մասնակցելու բոլոր մարզիկների իրավունքին»:
Փելոսին խոստովանել է, որ 2008 թ. Չինաստանի Տիբեթում լարվածության սրման ֆոնին Պեկինի Օլիմպիական խաղերին «դիվանագիտական բոյկոտ» հայտարարելու իր փորձը հաջողություն չունեցավ, և ինքը վստահ չէ, որ այս անգամ էլ իր առաջարկը կընդունեն:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ խիստ քննադատել է Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու Վաշինգտոնի մտադրությունը՝ այն անվանելով «անհավանական գռեհկություն»: