ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում և Ադրբեջանում իր դեսպանատների միջոցով զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել այնտեղ այցերից, տեղեկացնում է պետքարտուղարության կայքը:
Հայաստանից զգուշության հիմնական պատճառը COVID-19-ն է, որի վտանգը մեծացել է հանրապետության որոշ շրջաններում: Ամերիկացի զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` վերջին պատերազմական գործողությունների պատճառով: «Տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, և ամերիկյան կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքն այդ տարածք սահմանափակ է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջիկներին զգուշացվում է հեռու լինել նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ ճանապարհներից, քանի որ որոշ հատվածներ հատում են միջազգային սահմանները՝ առանց զգուշացման:
ԱՄՆ պետքարտուղարությունը զբոսաշրջիկների համար Ադրբեջանը վտանգավոր է համարում ոչ միայն COVID-19-ի, նաև ահաբեկչության վտանգի պատճառով: Խորհուրդ է տրվում զգույշ լինել զբոսաշրջային վայրերում, շուկաներում, խանութներում, հյուրանոցներում, ռեստորաններում, ակումբներում, պաշտամունքի վայրերում, զբոսայգիներում, մարզական և մշակութային խոշոր միջոցառումներում, օդանավակայաններում և հանրային այլ տարածքներում, քանի որ ահաբեկիչները հարձակվում են հենց այդ վայրերի վրա՝ առանց նախազգուշացման, նշվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 150 երկիր, այդ թվում՝ Հայաստան ճամփորդելու նախազգուշացումն իր քաղաքացիների համար բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի՝ նշելով նույն պատճառը՝ «Չճամփորդել, որովհետև քովիդ է»:
Իսկ սահմանի հետ կապված նախազգուշացումները նույնն են պատերազմից ի վեր և նախազգուշացման 4-րդ՝ կարմիր մակարդակի հետ որևէ կապ չունեն: