Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որով Էրդողանին մեղադրել են հակասեմական հայտարարություններ անելու համար: Չելիքի գնահատմամբ՝ Վաշինգտոնը այդպիսով թիրախավորել է Էրդողանին, ինչն Անկարան անընդունելի է համարում և խիստ դատապարտում է:
Չելիքը նաև պնդել է, որ Էրդողանին հակասեմականության համար մեղադրելն անտրամաբանական ու սխալ մոտեցում է, հայտնում է ТАСС-ը:
«Ամերիկացի խոսնակները, որոնք աջակցում են պաղեստինցի երեխաների սպանություններին, ասելով, թե Իսրայելն ինքնապաշտպանվում է, խոսելով բախումները դադարեցնելու ջանքերից, փաստորեն մեր նախագահին կոչ են անում ընդունել իրենց տեսակետները»,- ասել է Չելիքը:
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ ամերիկյան կողմը Էրդողանին դատապարտել էր հակասեմական հայտարարությունների համար:
«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավար անձանց զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են ավելի շատ բռնություններ հրահրել»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Էրդողանը դատապարտել էր Ավստրիային, որն անցյալ շաբաթ Իսրայելի դրոշը բարձրացրել էր ի նշան համերաշխության: «Ես անիծում եմ Ավստրիային այդ քայլի համար։ Ավստրիական պետությունը, կարծես, փորձում է ստիպել մահմեդականներին վճարել Հոլոքոստում իր դերի համար»,- ասել Է Էրդողանը։
Թուրքիան նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ նախագահ Ջո Բայդենը պատմությունը գրում է արյունոտ ձեռքերով, երբ աջակցում է Իսրայելին, մասնավորապես, հավանություն է տալիս զենքի վաճառքն այդ երկրին: