«Ութից յոթը ցուցակում են»՝ այս վերտառությամբ հոդվածը պատճառ դարձավ, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթը 6 մլն դրամից ավելի գումար վճարի երեք գործարար-պատգամավորի՝ Ռուբեն Հայրապետյանին, Լևոն Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին: Պաշտոնյաները դիմել էին դատարան՝ պահանջելով պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում:
Տաթև Խաչատրյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր - Դա 2010 թվականին էր: Հրապարակման մեջ, ըստ էության, նշված էր, որ ՌԴ իրավապահների կողմից քննվող տարբեր գործի շրջանակում, որն առնչվում էր թրաֆիքինգին, փողերի լվացմանը, առնչություն ունեին նաև Հայաստանի տարբեր պաշտոնատար անձինք, 32 անուն ցուցակի մեջ նշված էր այս պատգամավորների անունները:
Օրաթերթին չհաջողվեց արդարության հասնել նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: «Հայկական ժամանակն» ստիպված եղավ վճարել գումարը: Մինչև այս, պատգամավորների հայցը թերթը ևս մեկ գործով հայտնվել էր դատարանում: Ակնհայտ էր, որ խոսքի ազատության դեմ հստակ պայքար էր գնում և թիրախում «Հայկական ժամանկան» էր՝ նշում է օրաթերթի խմբագիրը:
Տաթև Խաչատրյան - Դատարան էր դիմել նաև Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ «Հայկական ժամանակ» թերթի, այնուհետև այս հայցը տեղի ունեցավ և, ըստ էության, թերթը չփակվեց քաղաքացիների ջանքերի շնորհիվ, որոնք հանգանակություն իրականացրին՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակի»: Օրինակ, այստեղ թոշակառու Հովհաննես Բեքմեզյանը թերթին նվիրաբերել է 20 հազար դրամ, թոշակառու Բորիս Բեգլարյանը՝ 10 հազար դրամ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է վճիռը և բավարարել «Հայկական ժամանակ» օրաթերթի հայցն ընդդեմ Հայաստանի՝ ճանաչելով թերթի արտահայտվելու ազատության իրավունքի խախտումը: Սա լուրջ հարված է դատական համակարգին՝ հայտարարում է «Հայկական ժամանակ» օրաթերթի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրած Լուսինե Հակոբյանը:
Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ հիմնադիր և նախագահ - Դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, որը 2 օր առաջ հայտարարեց, որ թողնում է դատական համակարգը և դատական համակարգի անկախությանը խոչընդոտող գործընթացների դեմ պետք է պայքարի արդեն քաղաքական ասպարեզում, ուղղակի առանց գործը պատշաճորեն քննելու վազել էր խորհրդակցական սենյակ և արագ որոշում էր կայացրել լրատվամիջոցի դեմ՝ դակելով հայցվորների պահանջած փոխհատուցման չափը՝ վճռի տեսքով:
ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ այդ գործով ներպետական դատարանները որևէ վերլուծություն չեն իրականացրել, չեն հավասարակշռել լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքը, փաստերի գնահատում չեն իրականացրել, չեն պահպանել համաչափության սկզբունքը: Վճռից հատվածներ է մեջբերում Լուսինե Հակոբյանը: Արդյունքում՝ դատական համակարգի ևս մեկ՝ ոչ իրավաչափ վճռի պատճառով պետք է փոխհատուցի պետությունը. եվրոպական դատարանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում «Հայկական ժամանակին» վճարել մոտ 18 հազար եվրո՝ հասցված նյութական, գույքային վնասի ու ծախսերի համար: