«Մանկական զարգացման հիմնադրամի» կողմից հաշմանդամություն ունեցող անձանց տրվող ցերեկային ծառայությունների շրջանակում Վայք քաղաքում անցկացվել են միջոցառումներ, որոնց ընթացքում երեխաները տնկել են ծաղիկներ, պատրաստել ձեռագործ աշխատանքներ, բեմադրել ներկայացում։
2021 թվականի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպությանը տրամադրել է շուրջ 6 մլն 600 հազար դրամ՝ Վայոց Ձորի մարզում ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու նպատակով։
«Մանկական զարգացման հիմնադրամը» սոցիալ-վերականգնողական ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող, առողջական և/կամ տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներին և երիտասարդներին։
Հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտթերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի կողմից տրամադրվող մասնագիտական ծառայությունների նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, երեխաների առողջ զարգացմանը, մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար: