Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:
Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։